կարևոր
2573 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-10 23:30

Նրանց ամեն մի օր ավելի մնալը իշխանության ղեկին ուղիղ սպառնալիք է մեր հայրենիքին․ Արթուր Վանեցյան

Իշխանությունները  խաղում են այս պետության ու ժողովրդի ճակատագրի հետ։ Հայաստանն արժանի չէ այս իշխանություններին, եւ այս իշխանություններն արժանի չեն Հայաստանին։ Պետք է դադարեցնել խաղերը այս ժողովրդի ճակատագրի հետ։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Ցանկանո՞ւմ է դառնալ վարչապետ, հարցին ի պատասխան Ա․Վանեցյանն ասել է, որ այս պահին օրակարգում նման հարց չկա․

«Այսօրվա մեր օրակարգը այլ բանի մասին է․ մեր գերխնդիրը այս ապիկար ու ապաշնորհ իշխանություններին կառավարման ղեկից հեռացնելն է, նրանց ամեն մի օր ավելի մնալը իշխանության մեջ ուղիղ սպառնալիք է մեր հայրենիքին։ Օրակարգը, որի շուրջ մենք սկսելու ենք հանդիպումների ու քննարկումների շարքը, այս իշխանություններին հեռացնելն է եւ ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելը։ Այդ օրակարգի շուրջ մենք կսկսենք քաղաքական կոնսուտացիաներ քաղաքական բոլոր ուժերի եւ անհատների հետ»։

Ի պատասխան ԲՀԿ նախագահի հետ հանդիպման վերաբերյալ հարցի, Արթուր Վանեցյանն ասել է, թե Գագիկ Ծառուկյանի հետ ունի շատ լավ, մարդկային, մտերիմ հարաբերություններ․

«Հանդիպել եմ առաջ, հիմա էլ եմ հանդիպում, հետագայում էլ եմ հանդիպելու, առայժմ քաղաքական պայմանավորվածություն չունենք։ Մենք քաղաքական խորհրդում կքննարկենք, եւ երբ որոշում կունենանք համագործակցության մասին, հանրությունը կտեղեկացվի։ Կարող եմ առայժմ բացառել միայն այն ուժերի հետգործակցությունը, որոնց ներկայացուցիչների վերաբերյալ քրեական գործեր կան կամ դատավարություններ են ընթանում եւ դեռ վճիռներ չկան»։ 

Արթուր Վանեցյանը հիշեցրել է, որ դիմել է ԱԺ ընդդիմադիր ուժերին՝ խորհրդարանում քննիչ հանձնաժողով ձեւավորելու եւ պարզելու՝ տապալե՞լ է իշխանությունը կորոնավիրուսի դեմ պայքարը, թե՞ ոչ։

«Չէի ուզի մեկնաբանել առաջին նախագահի սիլլոգիզմը, բայց համաձայն չեմ, որ պատերազմ է, սա համաճարակ է, ճգնաժամ։ Այսօրվա վիճակը իշխանությունների ուղիղ պատասխանատվությունն է․ նրանք սկզբում զբաղված էին կեղծ օրակարգով, Սահմանադրական դատարանի հարցով էին զբաղված։ Կորոնավիրուսի դեմ պայքարով իշխանությունները սկսել են պայքարել բացառապես հասարակության ճնշման տակ։ Նրանք ի սկզբանե անլրջացնում էին այս խնդիրը տարաբնույթ անլուրջ հայտարարություններով։ Պետք էր անել երկու բան․ մեկուսացնել Իտալիայից եւ Իրանից ժամանածներին։ Եվ հիմա ունենք այս ողբալի վիճակը»։ 

«Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝  այս իշխանությունները չեն կարողանում նորմալ հարաբերվել արտաքին աշխարհի հետ․

«Ռուսաստանի հետ, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, որի հետ անվտանգային եւ տնտեսական առումով երկու կառույցում ենք՝ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի, մենք այսօր ունենք, մեղմ ասած, ոչ լավ հարաբերություններ։ Շատերն ասում են, թե պետք է ինքնիշխան լինենք, ազատվենք Ռուսաստանի գերիշխանությունից․․․  Ես հարց ունեմ՝ արդյո՞ք այս իշխանություններն անկախ են։ Իրականում ավելի հարմարվող իշխանություն Հայաստանում չեմ հիշում»։

Արցախի խնդրով Արթուր Վանեցյանը դավաճանության կամ դավադրությունների չի հավատում, սակայն մտահոգված է, որ «այս իշխանության ապաշնորհ քաղաքականության հետեւանքով Հայաստանն ու Արցախը հայտնվելու են մի վիճակում, որ կամ պետք է գնան միակողմանի զիջումների կամ պատերազմ է լինելու»։

Պետությունը վերածվել դեղին մամուլի թերթի, ասել է Արթուր Վանեցյանը։