Գևորգ Ղուկասյանը արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀՅԴ-ի հասցեին այսօր հնչեցված արտահայտություններին և գնահատականներին, նշել է.
«Պարոն վարչապետ
ես չեմ պատրաստվում Ձեզ վիրավորել, չնայած Դուք վիրավորել եք իմ կուսակցությանը։ Ինձ կուսակցության մեջ սովորեցրել են երբեք քաղաքական դրդապատճառներով մարդուն անձնապես չվիրավորել։ Առավել ևս, ես հասկանում եմ Ձեզ, որ հոգեկան ծանր վիճակում եք և անզորությունից ինքներդ Ձեզ ներքուստ խոցոտում եք։ Նաև գիտեմ՝ մարդու օգտագործած բառամթերքն ու խոսքը նրա հոգեվիճակի, կյանքի բոլոր փուլերի, էության և ընդհանրապես կայացվածության լավագույն ցուցիչն են։ Քաղաքական խոսքին Դուք հակադրում եք, ոչ միայն փողոցային բառապաշար, այլև այնպիսին, որ մերկացնում է Ձեր ամբողջ էությունն ու հոգեվիճակը։
Ասում եք պատերազմի մեջ ենք։ Այո՛, պատերազմի մեջ ենք և այդպիսին եղել ենք միշտ, այս պետության հիմնադրության առաջին օրվանից և Դաշնակցությունից լավ ոչ մի ուժ չգիտի պատերազմի բազմաթիվ երեսները՝ խրամատից մինչև միջազգային քաղաքական բեմեր։
Դուք շատ լավ գիտեք, որ Դաշնակցությունն այսօր էլ պատերազմի մեջ է, գիտեք նաև թե ինչ ուժերի դեմ, չնայած դրա մասին երբեք հրապարակավ չեք խոսում։ Դուք չխորշեցիք վիրավորել հանուն պետության պատերազմի մեջ գտնվող կուսակցությանը։
Դուք հասարակությանն ամեն օր ապացուցում եք, որ մենք ձեզանից անգամներ ավելի բարձր ենք, հաստատակամ, կայուն և քաղաքական։ Համերաշխեք այն կանխորոշված փաստի հետ, որ Դուք և Ձեր իշխանությունն անցողիկ է, ավելին՝ քիչ է մնացել, իսկ Դաշնակցությունը կա ու կմնա։ Տարիներ հետո Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակով գուցե Ձեզ էլ կընդունենք մեր գրասենյակում, կժպտանք, կարծես ոչինչ էլ չի եղել․․․․»:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարետատան նիստից հետո պատասխանելով Yerkir.am-ի առցանց ուղարկած այն հարցին, թե Հայ Հեղափոխական Դաշնակցությունը համարում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության քայլերը կա՛մ անարդյունավետ են, կա՛մ ուշացած, հաճախ՝ նաեւ սխալ եւ պահանջում է, որ ԱԺ-ն հատուկ նիստ գումարի, որտեղ կառավարության հետ կքննարկի ճգնաժամից դուրս գալու լուծումներ եւ պատասխանատվության կկանչի ձախողած բոլոր պաշտոնատար անձանց՝ սկսած թիվ մեկ պատասխանատու վարչապետից։ Ձեր քաղաքական թիմը արդյո՞ք պատրաստ է հանուն ժողովրդի առողջության այսպիսի քայլ անել եւ դուք՝ անձամբ, պատրա՞ստ եք մասնակցել այդ օրակարգով նիստի, մասնավորապես նշել էր.
«Դաշնակցության համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետև Դաշնակցության ներկայացուցիչները այդ նույն հռետորիկայով և կառավարության հրաժարականի ենթատեքստով խոսում էին 2018 թ-ի ամռանը, երբ ընդամենը 1-2 ամիս էր անցել կառավարության ձևավորումից։
Այնպիսի տպավորություն կա, որ Հայաստանում ոչ միայն առողջապահական, այլև քաղաքական կորոնավիրուս է տարածվում, որն, ի տարբերություն առողջապահական կորոնավիրուսի, իմ կարծիքով, կբերի այդպիսի՝ բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան․ դա իմ համոզմունքն է և կտեսնեք, որ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ դուրս կմղվեն Հայաստանի քաղաքական, հասարակական կյանքից, որովհետև իրենք այս օրերին իրենց գործունեությամբ կառուցում են իրենց քաղաքական գերեզմանաքարը»։