կարևոր
1508 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 20:06

Կոտայքի մարզի 2019-ի սուբվենցիոն ծրագրերից ութը տեղափոխվել են 2020 թվական

Կոտայքի մարզի 2019-ի սուբվենցիոն ծրագրերից ութը տեղափոխվել են 2020 թվական

Կոտայքի մարզում 2019-ին հաստատված 52 սուբվենցիոն ծրագրերից 8-ը տեղափոխվել են 2020 թվական՝ իրենց ֆինանսավորումներով հանդերձ: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Կառավարության պահուստային ֆոնդերից տարբեր որոշումներով նախատեսվել էր սուբվենցիաների համաֆինանսավորման համար 2019-ին ուղղել շուրջ 1 մլրդ 17 մլն դրամ՝ միայն կառավարության համաֆինանսավորման մասով: Սակայն այդ գումարից ծախսվել է շուրջ 665 մլն 650 հազար դրամը: Իսկ տարբերությունը՝ 360 մլն 800 հազար դրամը վերաբերվում է այն սուբենցիոն ծրագրերին, որոնք կառավարության համապատասխան որոշմամբ տեղափոխվեցին 2019-ից տեղափոխվեցին 2020 թվական: Այդ որոշմամբ Կոտայքի մարզում 2019-ին հաստատված 52 սուբվենցիոն ծրագրերից 8-ը տեղափոխվել են 2020 թվական՝ իրենց ֆինանսավորումներով հանդերձ»,-ասաց Պետրոսյանը:

Ընդհանուր առմամբ 2019-ին մարզպետարանին պետբյուջեից նախատեսվել էր շուրջ 8 մլրդ 345 մլն դրամ: Սակայն փաստացի ծախսվել է 7 մլրդ 937 մլն դրամը կամ նախատեսված գումարի 95.1 տոկոսը: Տնտեսվել է շուրջ 407 մլն: