Լոռիում երկարաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովման ծրագրով 2019-ին ծախսվել է 1 մլրդ 121 մլն դրամ: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Երկարաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանով ապահովման ծրագրով 2019-ին նախատեսվել է 1մլրդ 127 մլն դրամ, փաստացի ծախսվել է 1 մլրդ 121 մլն դրամը: Կառավարության օգոստոսի 8-ի որոշմամբ՝ 452 մլն դրամ է տրամադրվել, որով 24 կիսակառույց և 31 բնակարաններ, որոնք ունեցել ենք շինարարական թերություններ, ավարտին են հասցվել: 16 ընտանիքների տրամադրվել է ֆինանսական աջակցություն: Այնուհետև եղել է նոյեմբերի 14 -ի որոշումը, որով հատկացվել էր 674 մլն դրամ՝ 121 ընտանիքների բնակարանի գնման վկայականներ տրամադրելու համար: Այս գործընթացը դեռ ընթացքի մեջ է, դեռ ժամկետի մեջ է»,-ասաց Ղուկասյանն ու կարծիք հայտնեց, որ կլինեն լավ արդյունքներ:
Ընդհանուր առմամբ՝ 2019-ին Լոռու մարզպետարանին պետական բյուջեից տարբեր ծրագրերով հատկացվել է 10 մլրդ 383 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 10 մլրդ 85 մլն դրամը: