կարևոր
1093 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-10 17:43

Արցախի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2019թ-ի բյուջեի կատարողականը

Արցախի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2019թ-ի բյուջեի կատարողականը

Արցախի Հանրապետության ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հունիսի 10-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացրել ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և կառավարության անդամներ:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ և վերանշանակված պետական նախարարին, կառավարության անդամներին ու պետեկամուտների կոմիտեի նախագահին բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն երկրի զարգացման կարևորագույն գործում: Անցնելով օրակարգային հարցին՝ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը:

Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 342,5 մլրդ դրամ՝ ապահովելով 10,3% տնտեսական աճ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,2%:

Վահրամ Բաղդասարյանն այնուհետև ներկայացրել է նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրված ցուցանիշները.

Արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 165մլրդ դրամ՝ 2018թ-ի համեմատ աճը 40,1%-ով,

Շինարարության ծավալ՝ շուրջ 64,6 մլրդ դրամ՝ 23,1% աճ,

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալ՝ 70,6 մլրդ դրամ: 2018թ-ի՝ 74,1մլրդ դրամի համամատ՝ նվազել է շուրջ 4,7%-ով

Միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 175,522 հազ դրամ, 2018թ-ի նկատմամբ աճը՝ 8,9%, նախորդ տարվա 161,181դրամի փոխարեն,

Արտաքին առևտրաշրջանառության ծավալ՝ 656,1մլն ԱՄՆ դոլար, 2018թ.-ի նկատմամբ 18,2% աճ,

Ապրանքների ներմուծման ծավալ՝ 373,1մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 5,7%,

Արտահանման ծավալ՝ 283 մլն ԱՄՆ դոլար, աճը ՝ 40,1%,

Գնաճ՝ 0,7%:

2019թ.-ի պետական բյուջեով պլանավորված 59մլրդ 700մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 60մլրդ 135մլն դրամ: Ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100,7%-ով:

«ԱՀ 2019թ-ին պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 111մլրդ 818,7մլն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 96%-ը: 2019թ-ին պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման»,-նշել է ֆինանսների նախարարը:

2018թ-ի բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ներկայացնելուց հետո Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին: Իր ելույթում օրենսդիրների մտահոգություններին և առաջարկություններին է անդրադարձել նաև պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ մշտական հանձնաժողովներում ոլորտային քննարկումները կմեկնարկեն հունիսի 11-ից: