կարևոր
1813 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-10 11:52

Մոտ մեկուկես հարյուրյակ սուբվենցիոն ծրագրեր առկախվել են. որոշ աշխատանքներում եղել են թերություններ

Մոտ մեկուկես հարյուրյակ սուբվենցիոն ծրագրեր առկախվել են. որոշ աշխատանքներում եղել են թերություններ

Հայաստանում 2019 թվականի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերից 148-ը առկախվել և պայմանագրերի ժամկետները երկարաձգվել են:

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով նաև պատճառը:

«2019-ին ենթակառուցվածքների զարգացման նպատակով օգտագործվել է մարզերին հատկացված սուբվենցիաների 69.5 տոկոսը՝ 6.4 մլրդ դրամ: Եվ միջոցառման շրջանակում 2019-ին նախատեսված 259 համայնքից փաստացի սուբվենցիա է ստացել 248 համայնք: Եղանակային պատճառներով պայմանավորված չավարտված և առկա շինարարական թերությունների վերացման համար թվով 148 սուբվենցիոն ծրագրեր առկախվել են և դրանց պայմանագրերի ժամկետները երկարաձգվել է մինչև 2020 թվականի օգոտոսի 1-ը: Այժմ այդ աշխատանքներն ընթանում են»,-ասաց Պապիկյանը:

Պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը հետաքրքրվեց, թե որն է ցածր կատարողականի պատճառը:

Նախարարն արձագանքեց՝ 2019-ին բացառությամբ մի քանի նորակառույց մանկապարտեզների, որոնց շինարարությունը հնարավոր չէր կարճ ժամանակում իրականացնել, մնացածն ունեցել են այլ պատճառներ՝ որակական խնդիրներ: «Եվ այդ որակով շինարարության ընդունումը մեր կողմից անընդունելի էր: Եվ հիմա շինարարներին հնարավորություն է տրվել ընթացիկ տարում նրանք, ովքեր ունեն անավարտ շինարարություն, ավարտել, իսկ ովքեր ունեն թերություններ, շտկել թերությունները և մինչև օգոստոսի 1-ը ներկայացնել վերջնական կատարողականը, որի արդյունքում 2019-ի առկախված ֆինանսավորումը կկատարվի»,-վստահեցրեց նախարարը: