620 դիտում, 2020.06.09 21:00

Գագիկ Խաչատրյանի երկրորդ որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ փաստաբանական խումբ

Գագիկ Խաչատրյանի երկրորդ որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ փաստաբանական խումբ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի երկրորդ որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին հայտարարություն է տարածել Խաչատրյանների փաստաբանական խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ս.թ. հունիսի 5-ին «Հայկական ժամանակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր՝ Արտյոմ Խաչատրյանը, որպես մեղադրյալ է ներգրավված ՀՀ քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը եւ հայտարարվել է հետախուզում:

Տեղեկացնում ենք, որ այս գործընթացն օրենքի խախտմամբ իրականացվել է Արտյոմ Խաչատրյանից եւ Խաչատրյանների ընտանիքի փաստաբանական թիմից խիստ գաղտնի: Ոչ նախքան մեղադրյալ ներգրավելը եւ հետախուզում հայտարարելը, ոչ էլ դրանից հետո այդ մասին վերջիններս չեն տեղեկացվել եւ դա այն դեպքում, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող կոնկրետ քրեական գործով քննչական խմբի անդամները գրեթե ամենօրյա ռեժիմով խուզարկություններ էին կատարում Խաչատրյանների, այդ թվում՝ հենց Արտյոմ Խաչատրյանի բնակության վայրերում:

Նույնիսկ խուզարկությունների ընթացքում որեւէ անգամ որեւէ ծանուցագիր չի հանձնվել Արտյոմ Խաչատրյանին քննչական մարմին կանչելու վերաբերյալ, ինչը չի խանգարել, սակայն, որ քննչական մարմինն առանց որեւէ հիմքի հետախուզում հայտարարի Արտյոմ Խաչատրյանին:

Կարծում ենք, որ այս գործընթացները նման գաղտնիության ռեժիմով իրականացնելու միակ պատճառն այն է, որ նախաքննական մարմինը եւս քաջ գիտակցում է դրանց անօրինականությունն ու անհիմն լինելը, ուստի այդ կերպ ՀՀ քաղաքացի Արտյոմ Խաչատրյանին եւ Խաչատրյանների փաստաբանական թիմին զրկել են այդ գործընթացներին ներգրավվելու, անօրինականությունները բացահայտելու եւ դրանց մասին բարձրաձայնելու, ինչպես նաեւ Արտյոմ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության հնարավորությունից:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, դեռեւս այս տարվա ապրիլի 28-ի իր հայտարարությունում հանրությանը տեղեկացրել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) իր առջեւ պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը եւ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերությունը։

Ավելի ուշ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք առաջադրվեց առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Իր հայտարարության մեջ նա նաեւ նշել էր, որ նույնաբնույթ գործողություններ կիրականացվեն նաեւ իր եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաեւ իրենց հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

Ինչպես տեսնում ենք, Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունում նշված պաշտոնատար անձինք «իրենց խոսքի տերն են», եւ իրար հետեւից իրականություն են դարձնում նույն հայտարարությունում նշված «խոստումները», որոնք այս անգամ արդեն դրսեւորվել են Արտյոմ Խաչատրյանին եւս անօրինական եւ անհիմն կերպով ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ մեղսագրելով, նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելով ու հետախուզում հայտարարելով»: