կարևոր
1260 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 20:25

Մարտունու ԲԿ-ում առաջիկա օրերին կբացվի բաժանմունք՝ COVID-19-ով վարակված պացիենտների համար. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարտունու բժշկական կենտրոնի տարածքում առաջիկա օրերի ընթացքում կբացվի կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման համար առանձնացված բաժանմունք:

Այսօր Մարտունու ԲԿ կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում ծանոթացա իրականացվող շինարարական աշխատանքներին, տեխնիկական և կադրային հագեցվածության հետ կապված խնդիրներին: Նորաստեղծ բաժանմունքը գործելու է թեթև և միջին ծանրության հիվանդների համար 30, իսկ ինտենսիվ թերապիայի համար մինչև 10 մահճակալ հզորությամբ: Բուժսպասարկումը իրականացվելու է տեղի մասնագետների ուժերով: Բաժանմունքն ունենալու է առանձին մուտք, բարեկարգվում է նաև բաժանմունք տանող ճանապարհը:

Այս քայլը ձեռնարկվել է ՀՀ կառավարության և մեր համատեղ նախաձեռնությամբ: Նկատի ունենալով մեր մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը և ստեղծված իրավիճակը՝ նպատակահարմար համարեցինք ստեղծել այս բաժանմունքը, որպեսզի կարողանանք տեղում բուժօգնություն ցուցաբերել մեր քաղաքացիներին:Բոլոր ուղղություններում աշխատում ենք արագացված տեմպերով՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ:

Անում ենք հնարավորը, որպեսզի առաջիկա օրերի ընթացքում բաժանմունքը սկսի ընդունել հիվանդների: Այն կսպասարկի հիմնականում մեր մարզի բնակչությանը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Արցախի և այլ մարզերի բնակիչներին ևս»,- գրել է նա: