կարևոր
1494 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 18:57

Բադասյանը վստահ է, որ Ազգային ժողովում հնարավոր է լուծում գտնել ՍԴ խնդրին

Բադասյանը վստահ է, որ Ազգային ժողովում հնարավոր է լուծում գտնել ՍԴ խնդրին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահ է, որ Ազգային ժողովում հնարավոր է լուծում գտնել Սահմանադրական դատարանի խնդրին: Բադասյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես վստահ եմ, որ Ազգային ժողովով հնարավոր է լուծում գտնել խնդրին»,-ասաց Բադասյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա՞ է ամենահավանական տարբերակը՝ նա պատասխանեց՝ հավանաբար, այո:

Պատասխանելով հարցին՝ երբ այս հարցը լուծվի, ՀՀ արդադատության կյանքում ի՞նչ կփոխվի, Բադասյանը նկատեց, որ մեկ կամ երկու քայլով Հայաստանի արդարադատության համակարգում պետք չէ միանգամից արդյունքների սպասել: «Արդարադատության համակարգում բարեփոխումները խորքային, բազմակի գործողություններ ենթադրող պրոցես են: Բայց սա անհրաժեշտ ու պարտադիր պայման է առաջ շարժվելու համար, քանի որ ունենք ՍԴ-ի մոդել, որը չի իրացվել: Ընդ որում, Սահմանադրության տեքստում այնպիսի անցումային դրույթ է ներառվել, որ ուղղակի չի ապահովում այդ մոդելի կյանքի կոչումը: Կունենանք ավելի հավասարակշռված Սահմանադրական դատարան՝ տարբեր սահմանադրական մարմինների մասնակցությամբ առաջադրված և ընտրված թեկնածուներով: Եվ սա կյանքի կկոչի այն մոդելը, որ Սահմանադրության 2015-ի փոփոխություններով նախատեսված է եղել, կամ այդ փոփոխությունները պարկտիկայում  ավելի արագ կյանքի կոչելու մեկնարկը կտրվի»,-ասաց նա:

Նախարարը հիշեցրեց՝ նախարարությունը բազմիցս է ասել, որ ՍԴ նախագահի ընտրությունները շատ կասկածելի հանգամանքների բերումով են տեղի ունեցել և բազմիցս նշել նաև, որ ՍԴ-ի մոդելը կյանքի չի կոչվել: Նա վստահեցրեց՝ հիմա առաջնային նպատակը այդ երկու խնդրի լուծումն է:

Հայաստանում ապրիլի 5-ին նախատեսված էր անցկացնել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, սակայն այն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով: Դրանով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Ավելի ուշ Ազգային ժողովն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագիծը, որով հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել հանրաքվեն: