կարևոր
1428 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-09 18:27

Որոշակի կայունացում ունենալու հույսեր են ի հայտ գալիս. Փաշինյանը՝ կորոնավիրուսի իրավիճակի մասին

Որոշակի կայունացում ունենալու հույսեր են ի հայտ գալիս. Փաշինյանը՝ կորոնավիրուսի իրավիճակի մասին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց որոշակի կայունացման հույսեր են ի հայտ գալիս: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ լարված, այնուամենայնիվ, շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ որոշակի կայունացում ունենք և կայունացում ենք ունենալու: Սա պետք է ավելի բարձրացնի մեր զգոնությունը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորեց պահպանել պարետատան և Առողջապահության նախարարության կողմից սահմանված հակամահաճարակային կանոնները՝ կրել դիմակ, ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավորությունը:

Հայաստանում հունիսի 9-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8933 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  71 405 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 217 դեպք: Արձանագրվել է մահվան 74 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի  14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: