կարևոր
2064 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-09 17:50

ՍԴ աշխատակազմի ղեկավարը պաշտոնյաներին հորդորեց հարգալից լինել բարձր դատարանի նկատմամբ

ՍԴ աշխատակազմի ղեկավարը պաշտոնյաներին հորդորեց հարգալից լինել բարձր դատարանի նկատմամբ

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը պաշտոնյաներին հորդորեց բարձր դատարանի հասցեին հայտարարություններ անելիս խուսափել վիրավորական արտահայտություններից: Այս մասին Ղազարյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով դիտարկմանը, թե պատգամավորներից ոմանք օգտագործում են «կորոնավիրուսի հույսին մնացած Սահմանադրական դատարան» արտահայտությունը:

«Ես կխնդրեմ, որ բոլոր հրապարակային գործիչները բարձր դատարանի հասցեին արտահայտվելիս լինեն զուսպ, հավասարակշռված և խուսափեն որևէ վիրավորական արտահայտություններից: Առավել ևս՝ պատգամավորները, քանի որ, թե՛ պատգամավորները, թե՛ Ազգային ժողովը Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ են և յուրաքանչյուրը պետք է կոռեկտ գտնվի բարձր դատարանի ու դատավորների հասցեին որևէ տեսակետ հայտնելիս»,- ասաց Ղազարյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով:

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, հունիսի 3-ին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ ընդունվեց հանրաքվեն չեղարկող օրինագիծ: