23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ: Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Տեսազանգին մասնակցել են նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովից մի շարք ներկայացուցիչներ:
Փոխվարչապետը, ողջունելով գործընկերներին, բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը Հայաստանին այս բարդ ժամանակաշրջանում և շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել առաջիկայում կայանալիք Արևելյան գործընկերության ղեկավարների տեսակոնֆերանսին Հայաստանի մասնակցությանը: Տեսազանգի մասնակիցները քննարկել են նաև 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում մշակված համաձայնագրերի նախագծերը, մասնավորապես՝ դատաիրավական ոլորտում և համավարակի դեմ պայքարին ուղղված հակաճգնաժամային բյուջետային աջակցության ծրագրերը: ԵՄ պատվիրակության անդամներն ընդգծել են, որ ծրագրերը կամփոփվեն առաջիկա ամսում:
Լոուրենս Մերեդիթը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ Հայաստանին աջակցելու COVID-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև շարունակական աջակցություն տրամադրելու բարեփոխումների իրականացման գործընթացում, ներառյալ 2020 թվականի ծրագրերի համատեքստում: Նա շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իրականացված համապարփակ աշխատանքի և կառուցողական համագործակցության համար: Լոուրենս Մերեդիթը տեղեկացրել է, որ ԱլԳ ղեկավարների հանդիպմանը ակնկալվում է քննարկել երկարաժամկետ քաղաքականության հինգ նպատակադրումները, որոնք առաջարկվել էին ս.թ. մարտի 18-ին հրապարակված Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ համատեղ առաջարկի մեջ:
Տեսազանգի ընթացքում զրուցակիցները միմյանց ներկայացրել են համավարակի դեմ պայքարում նախաձեռված միջոցառումները և քննարկել են կորոնավիրուսի տարածման արդյունքում երկրների առջև ծառացած խնդիրները: