կարևոր
1960 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-09 17:07

Նոր ծավալումներով կարողանում ենք հոգալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մասին

Նոր ծավալումներով կարողանում ենք հոգալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մասին

 Հայաստանի Հանրապետությունում ծավալման աշխատանքների արդյունքում ավելացվող սովորական և ռեանիմացիոն մահճակալների շնորհիվ հնարավոր է դառնում հոգ տանել ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մասին։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։

«Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մեծ է։ Նոր ծավալումների շնորհիվ մենք կարողանում ենք նրանց առողջության մասին հոգ տանել, ինչը չի նշանակում, որ մենք պետք է այդ հանգամանքից ելնելով նորից թուլանանք»,- նշեց Թորոսյանը։

Ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելի է, քան այսօր գործում է։

«Դիլիջան» բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով մոտ 2 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։

Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան նաև Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (40 մահճակալ): Երևանում նույնպես շարունակվում են ծավալման աշխատանքները։ Նոր ռեանիմացիոն մահճակալներ կան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում (ավելացվել է 14-ը)։ Մայրաքաղաքում կա ևս մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ «Արմենիա» ԲԿ-ն, որտեղ կծավալվի հավանաբար 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար։