ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսային հիվանդությունից առողջացած պացիենտների թվի աճը բացատրում է ռազմավարության փոփոխման արդյունքով։ Այս մասին Թորոսյանն ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։
«Այսօր ունեցել ենք վարակման 350 նոր դեպք և 352 քաղաքացի առողջացել է։ Վերջին օրերին առողջացողների թիվը գնալով աճում է, սակայն օրեր առաջ այդ թիվը տատանվում էր մի քանի տասնյակի շրջանակներում՝ 10, 20, 30։ Թվերի նման փոփոխությունը կապված է ռազմավարության փոփոխման հետ, երբ մայիսի կեսերին մենք որոշեցինք ասիմպտոմ կամ թեթև սիմպտոմներով քաղաքացիներին տեղափոխել տնային խնամքի և հյուրանոցներում այլևս չպահել։ Այնպես ստացվեց, որ այդ պահին մոտ 1 000 հոգի դուրս գրվեց այդ հաստատություններից, և համակարգում չնշվեց որպես առողջացած։ Նրանք անցան 14-օրյա մեկուսացման իրենց տներում, որպեսզի տնային հսկողությունից հետո պոլիկլինիկաների բժիշկները նրանց համարեին բուժված։ Այդ ամբողջ օրերի ընթացքում մենք բուժված ենք համարել և համարում միայն այն քաղաքացիներին, ովքեր կրկնակի բացասական թեստավորումով ուղիղ հիվանդանոցներից էին դուրս գրվում»,- նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ այդ 14 օրը մոտենալուն զուգընթաց, փաստացի առողջության առաջնային պահպանման հաստատությունները ֆիքսում են ինքնամեկուսացման ավարտը և տվյալ քաղաքացիների բուժման հանգամանքը։ Առողջապահության նախարարն ընդգծեց նաև, որ նույնը տեղի է ունենում նոր արձանագրված դեպքերի հետ, որոնք ընդհանրապես հիվանդանոցային համակարգ չեն ընդունվում, այլ բուժվում են տանը։
«Մենք պետք է չկորցնենք մեր զգոնությունը, շարունակենք իրականացնել բոլոր հակահամաճարակային միջոցառումները՝ սկսած սոցիալական հեռավորություն պահելուց, ձեռքեր ախտահանելուց մինչև մեր իրականացրած բուժական միջոցառումները։ Ցանկանում եմ, որպեսզի մենք չթուլանանք այս փոքր թվերը տեսնելով և հետևողական լինենք»,- ասաց Թորոսյանը։
Նա կոչ արեց, որպեսզի բոլորը խստորեն պահպանեն կանոնները՝ հատկապես դիմակ կրելը՝ կապ չունի փողոցում, ընկերների հետ շփվելիս, թե մեկ այլ վայրում։