կարևոր
1423 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 20:14

Այս իրավիճակում երկրի շահը պահանջում էր նման որոշում․ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետի պաշտոնանկության մասին

Այս իրավիճակում երկրի շահը պահանջում էր նման որոշում․ Փաշինյանը ԶՈւ ԳՇ պետի պաշտոնանկության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արթուր Դավթյանի պաշտոնանկության պատճառին, նշեց, որ հակահամաճարակային կանոնների պահպանման ժամանակ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ցույց տան ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն։ Այս մասին Փաշինյանն ասաց պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ։

«Ես երջանկություն եմ մաղթում բոլոր նորապսակներին, ինչպես նաև գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյանի որդուն և հարսին։ Հույս ունեմ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն»,- նշեց Փաշինյանը՝ խոսելով ՀՀ-ում հաստատված արտակարգ դրության օրերին՝ հունիսի 7-ին Դավթյանի որդու հարսանիքի մասին։ Նրա խոսքով՝ ճգնաժամային իրավիճակներում որոշումները շատ հաճախ միանշանակ չեն լինում, բայց լինում է մի գիծ, երբ արտակարգ դրության օրերին կարգապահության ճշգրիտ ու անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի համեմատ։

«Ես ցավում եմ նման զարգացումների համար, բայց կարծում եմ, որ այս իրավիճակում մեր երկրի շահը, պետական կառավարման որակի և կարգապահության շահը պահանջում էր կայացնել նման որոշում։ Ուզում եմ հստակ արձանագրել, որ առավել ևս պետական կառավարման և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան և անվերապահ կարգապահություն։ Դրանով մենք կկարողանանք սեփական օրինակով քաջալերել մեր հայրենակիցներին և օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի և ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի պաշտոնանկություններին՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չի կարծում, թե ՀՀ-ին և հայ ժողովրդին ծառայելու նրանց պոտենցիալը սպառված է և ըստ իրավիճակի հնարավոր է համարում, որ կքննարկվեն այդ անձանց հետագա ծառայությունների հարցերը։