Հայաստանի Հանրապետությունում ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։ Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մենք արդեն տեղեկացրել ենք, որ տեղի են ունենում ծավալման նոր աշխատանքներ։ Անհրաժեշտ է ծավալման երկրորդ փուլ, մենք արդեն ունեցել ենք առաջինը, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է եղել։ Առողջապահական համակարգը նման մոբիլիզացիա երբեք չի ունեցել։ Ծավալված այն 2000 մահճակալներից որոշները ծավալվել են զրոյից, նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում»,- ասաց Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ Դիլիջան բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։ Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (40 մահճակալ):
«Երևանում նույնպես շարունակվում են ծավալման աշխատանքները։ Մենք ունենք նոր ռեանիմացիոն մահճակալներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում, որտեղ դրանք 43-ն էին։ Այժմ ավելացվել է ևս 14-ը։ Մայրաքաղաքում կա ևս մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ «Արմենիա» ԲԿ-ն, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար»,- ընդգծեց Թորոսյանը։
Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 70 000 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 211 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 72 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։