կարևոր
1077 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-08 20:30

Կամավորության հիմունքներով բժիշկներին աջակցող ուսանողուհին հորդորում է հասարակությանը դիմակներ կրել

Կամավորության հիմունքներով բժիշկներին աջակցող ուսանողուհին հորդորում է հասարակությանը դիմակներ կրել

Արդեն երկու ամիս է, ինչ Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն իր 3 երեխային թողել է տանը և որպես կամավոր օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին: Նա հասարակությանը հորդորում է դիմակներ կրել, ինչը կնպաստի կորոնավիրուսի դեմ պայքարին:

Հունիսի 8-ին կայացած ճեպազրուցի ժամանակ Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն ասաց, որ դիմակ կրելով մարդիկ օգնում են բուժաշխատողներին հուսալ, որ իրենք հնարավորիս շուտ կազատվեն  արտահագուստից և դիմակներից. դրանցով աշխատելը չափազանց դժվար է:

Նա պատմեց, որ եկել է Մարալիկ քաղաքից և կամավորության սկզբունքով աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերականդենացման բաժնում: «Ընտանիքիս անդամների հետ կապ եմ հաստատում միայն տեսազանգերի միջոցով. այդպես եմ նրանցից կարոտս առնում: Շատ կարևորում եմ իմ այս քայլը, հպարտ եմ իմ քայլով և կոչ եմ անում  բոլորին ամենայն լրջությամբ մոտենալ իրավիճակին: Յուրաքանչյուրիս պարտքն է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել այս հարցին և անել հնարավորը համաճարակը հաղթահարելու համար»,-շեշտեց Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը:

Հայաստանում հունիսի 8-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13 325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  70 000 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 195 նոր դեպք և 85 առողջացած։