կարևոր
1067 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 23:00

Կիբերանվտանգության համաթվով ՀՀ-ն աշխարհում 79-րդն է. այս ուղղությամբ նախատեսվում են ծրագրեր

Կիբերանվտանգության համաթվով ՀՀ-ն աշխարհում 79-րդն է. այս ուղղությամբ նախատեսվում են ծրագրեր

 Կիբերանվտանգության համաթվով Հայաստանը բավականին վատ դիրքերում է՝ աշխարհում 79-րդն ու պետությունը արդեն նախանշել է ծրագրեր, որոնցով պետք է ազդի այս ցուցանիշի վրա: Այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«Կիբերանվտանգության համաթվով Հայաստանը բավականին վատ դիրքեր է գրավում, աշխարհում 79-րդն է: Այս առումով մենք արդեն նախանշել ենք, որ այս տարի կմեկնարկի Կիբերանվտանգության ազգային կենտրոնի ծրագիրը, որը Համաշխարհային բանկի հետ  է արվում: Այս ծրագրերի արդյունքում մենք պետք է ազդենք նաև այս ցուցանիշների վրա, և պլանավորում ենք Հայաստանը առաջ մղել թե թվային տնտեսության, թե կառավարման համակարգերի և թե թվային հմտությունների, կիբերանվտանգության ուղղություններով»,-ասաց Արշակյանը:

Նախարարը շեշտեց՝ մի բան հստակ է, որ թվային աշխարհում անվտանգության ձևն ու բնույթն ամբողջությամբ փոխվում է: Նա օրինակ բերեց ՝ ներկայացնելու, թե ցանկացած պետության համար կիբերանվտանգությունը որքան կարևոր է դառնում: «Թե կառավարման համակարգերի, թե արտադրությունների արդյունավետության բարձրացման համար ավելի ու ավելի են օգտագործվում ինտերնետ տեխնոլոգիաներ: Եվ դրանց խոցելիությունը նույնպես բարձրանում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինտերնետի միջոցով հնարավորություն է ստեղծվում այս կամ այն երկրի տնտեսության կամ կառավարման վրա ուղղակի ազդեցություն ունենալու: Այս առումով որքան թվայնացնում ենք համակարգերը,այնքան  ավելի առաջանցիկ տեմպերով պետք է ունենանք կիբերանվտանգության ստանդարտներ, թվային տեխնոլոգիաների ճիշտ կիրառում և այլն»,-նշեց նա:

Այսպիսով մշակված ռազմավարության նպատականերն են արդյունավետ, արագ թափանցիկ, տվյալահեն պետական կառավարումը,  թվային հմտություններին տիրապետող ապագային տնտեսությանը պատրաստ աշխատուժի ձևավորումը և այլն: