կարևոր
2751 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-08 16:48

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչում է

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը WORLD FOLK VISION մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչում է

Քանոնահար Մարիաննա Գևորգյանը անցել է WORLD FOLK VISION հեղինակավոր մրցույթ-փառատոնի կիսաեզրափակիչ փուլ: Եզրափակիչում հայտնվելու համար Մարիաննան երաժշտասերների աջակցության կարիքն ունի, քանի որ օնլայն քվերակություն է անցկացվում:

Մարիաննան ներկայացրել է ազգային նվագարան քանոնը՝ կատարելով Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությունը: «Ընտրությունը տևել է մեկ ամիս: Մրցույթին մասնակցել է 115 երկրի ներկայացուցիչ, բայց 3950 մասնակցից կիսաեզրափակիչ է անցել 180-ը` 60 երկրից: Նրանց թվում են նվագախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ»,-պատմել է քանոնահարը՝ շեշտելով, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մրցույթն անցկացվում է օնլայն հարթակում:

Նա խոստովանել է՝ չգիտեր, որ եզրափակիչ անցնելու համար քվեարկություն է նախատեսված, հակառակ դեպքում գուցե չմասնակցեր, քանի որ այլ մասնակիցները հզոր երկրների ներկայացուցիչներ են (ԱՄՆ, Չինաստան, Ղազախստան, Թուրքիա), որոնց սատարում է նաև պետությունը: Մարիաննա Գևորգյանը պետական աջակցության համար դիմել է որոշ մարմինների և այժմ սպասում է պատասխանի:

Քանոնահարը նշել է, որ քվեարկությունն անվճար է, դա է պատճառը, որ իրեն թույլ է տալիս խնդրանքով դիմել հասարակությանը՝ իրեն աջակցելու համար: 

Քվեարկությունը սկսվել է հունիսի մեկից, այն տևելու է մինչև հունիսի 15-ը: Մարիաննա Գևորգյանի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել WORLD FOLK VISION կայք, գրանցվել և տասը բալ տալ Հայաստանի օգտին:

«Գրեթե բոլոր երկրներում քանոն նվագարանը կա, բայց այդ երկրների նեկայացուցիչներից և ոչ ոք քանոն նվագարանով չի մասնակցում մրցույթին, ինչը շատ ուրախալի է: Եթե անկեղծ, շատ եմ ուզում հաղթել»,-շեշտել է երաժիշտը:

Քանոնահարին աջակցելու կոչով է հանդես եկել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Քվեարկությանը կարելի է մասնակցել անցնելով հղմամբ։ 

Մարիաննա Գևորգյանը սովորել  և գերազանցությամբ է ավարտել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հանրապետական , միջազգային մրցույթ-փառատոների ոսկե մեդալակիր է: Աշխատում է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան «Տաղարան» հնագույն երաժտության համույթում (մաեստրո Ս. Երկանյան):