կարևոր
685 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-08 16:23

Վրաստանում բացվում են hյուրանոցները. թույլատրվում է նաև միջքաղաքային փոխադրումները

Վրաստանում բացվում են hյուրանոցները. թույլատրվում է նաև միջքաղաքային փոխադրումները

Հունիսի 8-ից Վրաստանում բացվում են հյուրանոցները, միջքաղաքային փոխադրումները, ինչպես նաև բոլոր տեսակի ռեստորանները: Դրանք փակվել էին մարտի 21-ից, երբ կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն`կապված կորոնավիրուսի համաճարակի հետ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» վրացական ծառայությունը։

Հյուրանոցները, բոլոր տեսակի ռեստորանները և միջքաղաքային փոխադրումները բացելու որոշումը կայացրել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան՝ մայիսի 27-ին՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակի բարելավումը:

Հանրապետության կառավարության որոշմամբ երկրում կգործեն միայն այն հյուրանոցներն ու ռեստորանները, որոնք կհամապատասխանեն Առողջապահության նախարարության չափանիշներին և պահանջներին: Երկուշաբթի օրվանից կբացվեն նաև արտարժույթի փոխանակման կետերը: Դրանք չեն աշխատում մարտի 31-ից: Այս ամբողջ ընթացքում երկրի քաղաքացիները կարող էին փոխել արտարժույթը միայն առևտրային բանկերում:

Վրացական որոշ լրատվամիջոցներ կարծում են, որ միջքաղաքային փոխադրումները նոր կանոնների պատճառով, որոնք արգելում են մեծ թվով ուղևորափոխադրումներ իրականացնել, կթանկանան, բայց դեռ պաշտոնական հաստատում չկա այս տեղեկության վերաբերյալ: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքների միջև երկաթուղային հաղորդակցությանը, ապա դրա բացումը նախատեսվում է հունիսի 15-ից:

Վրաստանում արտակարգ դրություն էր մտցվել՝ մարտի 21-ից մայիսի 22-ը: Ապրիլի 27-ից իշխանությունները սկսեցին մեղմել նախկինում կիրառված սահմանափակումները: