կարևոր
1129 դիտում, 1 տարի առաջ - 2020-06-08 15:53

Բելառուսի հետ համեմատելիս գազի գինը պետք է տարբերվի առնվազն Վրաստանի տարանցման գնով․ Գարեգին Բաղրամյան

Բելառուսի հետ համեմատելիս գազի գինը պետք է տարբերվի առնվազն Վրաստանի տարանցման գնով․ Գարեգին Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ սահմանին գազի գինը էական ազդեցություն ունի Հայաստանում սակագների վրա, սակայն Բելառուսին վաճառվող գազի գնի համեմատություն անելիս, առնվազն պետք է հաշվի առնել Վրաստանով տարանցման գնի արժեքը: Գարեգին Բաղրամյանն այս մասին նշել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Սահմանին գազի գինը էական ազդեցություն ունի Հայաստանում սակագների վրա, քանի որ սպառողներին վճառվող գների շուրջ 70 տոկոսը ձեւավորվում է սահմանին գազի գնի մեծությունից»,-ասել է Բաղրամյանը: 

Ինչ վերաբերում է Բելառուսին և այլ երկրներին վաճառվող գազի գներին՝ նա ասել է. «Այդ ամենն ասելիս չպետք է մոռանանք, որ մենք մինչև գազատրանսպորտային համակարգ հասնելն ունենք Վրաստան: Եվ այդ գները, եթե համեմատում ենք Բելառուսի հետ, պետք է գոնե տարբերվեն Վրաստանի տարանցման գնի արժեքով: Իսկ մնացածը, թե ինչ բանակցություններ են ընթանում և ինչքան կլինի սահմանին գինը, ես չեմ կարող ասել»:

Անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ հայ-ռուսական գազի պայմանագիրը վերանայելու դիտարկումներին՝ նա նշել է՝ այդ պայմանագրերը կառավարությունների միջև է, ինքը ձեռնպահ կմնա մեկնաբանություն տալուց: Իսկ Բաղրամյանի մասնագիտական գնահատականն այն է, որ ցանկացած պայմանագիր էլ կարող է վերանայվել: Այլ հարց է երկու կողմերի կամքը և դրան հասնելու հնարավորություններն ու ցանկությունները:

«Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին հանձնաժողովին էր ներկայացրել սպառողներին վաճառվող գազի սակագների բարձրացման հայտ: Դրանով մասնավորապես առաջարկվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը 255 դոլարից բարձրացնել՝ դարձնելով 283 դոլար: Հանձնաժողովն էլ առաջարկել էր 266.7 դոլարի տարբերակը՝ ընդ որում փոփոխություն չանելով բնակչության համար, այդ թվում սոցիալապես անապահով սպառողների համար: