564 դիտում, 2020.06.06 21:04

Կորոնավիրուսով վարակվածներին սպասարկելու համար այս ընթացքում առանձնացվել է շուրջ 2 հազար մահճակալ

Կորոնավիրուսով վարակվածներին սպասարկելու համար այս ընթացքում առանձնացվել է շուրջ 2 հազար մահճակալ

Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկելու համար շուրջ 2 հազար մահճակալ է առանձնացվել 9 բժշկական հաստատություններում: Դրանցից 5-ը Երևանում է, մնացածը՝ մարզերում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին նշեց պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ այդ հաստատությունները վերապրոֆիլավորվել են և մինչ այս պահը սպասարկում են պացիենտներին: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլ:

«Այսօրվանից գործելու է կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ ընդունման և ախտորոշման կենտրոն Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա: Մինչ այս պահը նման գործառույթ իրականացնում էր միայն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը: Նոր կենտրոնն այս պահին ունի 65 մահճակալ ընդհանուր և ևս 9-ը վերակենդանացման բաժնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ մի քանի օրվա մեջ կավելանա ևս 58 մահճակալ: Ընդհանուր կունենանք հավելյալ 132 մահճակալ այս խնդրի լուծման համար: Նա տեղեկացրեց, որ նոր մահճակալներ են ավելացել «Աստղիկ» բժշկական կենտրոնում, մոտավորապես 20-ը՝ ռեանիմացիայում, 20-ը՝ ինտենսիվ թերապիայի բաժնում:

«Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում սկսվել  է երկրորդ ռեանիմացիոն բաժանմունքի շինարարական աշխատանքները՝ մոտ 50 մահճակալի տեղով: Աշխատանքներ են տարվում Էրեբունի բժշկական կենտրոնում՝ ռեանիմացիոն բաժանմունքում մոտ 50 մահճակալ ծավալելու ուղղությամբ: Այս 100 մահճակալները պատրաստ կլինեն անհրաժեշտության դեպքում պացիենտներ ընդունել մոտ մեկ ու կես ամիս հետո:

«Ամեն օր ծավալվում են հիվանդանոցային և ռեանիմացիոն մահճակալներ, բայց ուզում եմ ընդգծել, որ երբեք չի կարող լինել այնպիսի իրավիճակ, երբ այսպիսի տեմպի պարագայում մահճակալների թիվը լինի բավարար: Օրինակ, աշխարհի ամենազարգացած քաղաքներից մեկում՝  Նյու Յորքում, հաստատվել էր ճիշտ նման իրավիճակ: Մենք հատել ենք դժոխքի սահմանը, բայց հումանիտար աղետ դեռ չենք ապրում: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, կանի անհնարը, բայց, ընդհանուր առմամբ, շատ ավելի կարևոր է մեկ մարդու ջանքը, դիրքորոշումը, վարքագիծը և այդ մեկ մարդը դու ես»,-ասաց նա:

կիսվել նյութով -