386 դիտում, 2020.06.06 20:39

Մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

Մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը վստահեցնում է, որ իրենք՝ բժիշկները, պայքարելու են մինչև վերջին պացիենտի դուրս գրումը, սակայն խնդրում է բոլորին օգնել իրենց այդ գործում՝ խստորեն պահելով բոլոր կանոնները: Դավիդյանցն այս մասին ասաց պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

Նա նախ հիշեցրեց, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն առաջին բուժհաստատությունն է, որ իր վրա վերցրեց կորոնավիրուս կոչված չարիքի հարվածը: Դավիդյանցի խոսքով՝ իրենք, արդեն քանի ամիս է, չգիտեն ինչ բան է հանգիստը, կտրվել են իրենց ընտանիքներից, իրենց ամբողջ օրն անցկացնում են հիվանդանոցում: Եթե սկզբում լինում էին հիմնականում թեթև ու միջին ծանրության դեպքեր, ապա այժմ, ցավոք, գերակշռում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

«Կարևոր եմ համարում այդ դեպքերի մեջ առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության և ականատես ենք լինում ընդունարանում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվածնով գալիս են: Եվ այո, մենք, ցավոք, ունենում ենք նաև մահճակալային ֆոնդի խնդիրներ: Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ բոլորիդ, օգնեք մեզ բոլորիս՝ բուժաշխատողներիս: Քանի որ այս  ամիսների ընթացքում բոլորս առանց տրտնջալու, առանց դժգոհելու աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, ես ողջ կոլեկտիվին ասել եմ, հայտարարել եմ, որ մենք պայքարելու ենք մինչև վերջին պացիենտի դուրս գրումը»,-ասաց տնօրենն ու նշեց, որ քաղաքացիները պետք է օգնեն իրենց:

Նա խնդրեց բոլորին պահպանել հակահամաճարակային բոլոր միջոցառումները, կրել դիմակներ, խիստ սահմանափակել շփումը, տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաճախակի ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը: Տնօրենը նկատեց, որ այս ամիսների ընթացքում ամբողջ բուժանձնակազմը կատարում է մեծ ֆիզիկական և, ինչու չէ, հոգեկան ծանր աշխատանք: Նա հավատացրեց, որ շատ ծանր է ամեն օր ականատես լինել ծանր հիվանդների, ցավոք՝ նաև մահվան դեպքերի:

«Դուք ձեր պահվածքով, ձեր աշխատանքով օգնելու եք մեզ բոլորիս»,-ասաց Դավիդյանցը:

Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12 364 դեպք, որոնցից 3720-ը` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 66 674 թեստավորում: Ընդհանուր առմամբ, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 190 դեպք: 

կիսվել նյութով -