1196 դիտում, 2020.06.06 18:30

Վորոնեժի սահմանապահները Երևանից ժամանած բեռնատար ինքնաթիռից 16 տոննա ներմուծված ծխախոտ են առգրավել

Վորոնեժի սահմանապահները Երևանից ժամանած բեռնատար ինքնաթիռից 16 տոննա ներմուծված ծխախոտ են առգրավել

Վորոնեժի սահմանապահները 16 տոննա ներմուծված ծխախոտ են առգրավել: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Անվտանգության Դաշնային բյուրոյի Բելգորոդի եւ Վորոնեժի նահանգային վարչության մամուլի ծառայությունը։ Վերջինս տարածել է տեսանյութ եւ լուսանկարներ նաեւ ինքնաթիռից եւ առգրավված խմբաքանակից։ Ռուսական պետական հեռուստաընկերության նահանգային «Վեստի Վորնեժ» լրատվականի ցուցադրած տեսանյութից պարզ է դառնում, որ սիգարետը տեղափոխվել է մարդատար ինքնաթիռով։

Համաձայն ռուսական աղբյուրի, ինքնաթիռը պատկանում է ռուսական «Նորդ Ավիա» ընկերությանը եւ Երեւանից է ժամանել Վորոնեժ։ Ծխախոտները հայկական են եւ վրան ունեն հայկական ակցիզային դրոշմանիշ, որը նախատեսվում է միայն հայկական շուկայում սպառելու համար։ Արտահանման կամ ռուսական շուկայում իրացնելու համար ակցիզային դրոշմանիշներն այլ տեսք ունեն։

Տեսանյութում երեւում է, որ ինքանիթը ուղեւորատար է։ «Վեստի Վորոնեժ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ սա վերջին մեկ ամսում Հայաստանից Վորոնեժ ներմուծված ծխախոտների 2-րդ խոշոր բեռն է: Ապրիլի վերջին էլ Կրասնոդարի սահմանապահները առգրավել են նույնպիսի ծխախոտ: Առգրավված ամբողջ ծխախոտային արտադրանքի վաճառքի գինը ընդհանուր գնահատվել է 70 մլն ռուբլի, ինչը համարժեք է 1 միլիոն դոլարին:

Հիշեցնենք՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը այս գործով մեղադրել էր վարչապետի կնոջ եղբորը՝ Հրաչյա Հակոբյանին: Ընդ որում, ըստ Մինասյանի, Վորոնեժի դեպքը բազմաթիվ դրվագներից միայն մեկն է: Նրա խոսքով՝ ծխախոտի տեղափոխումը Ռուսաստան շարունակվում է արդեն 2 տարի: Առայժմ պաշտոնապես չի նշվում, թե որ օրն է ինքնաթիռը վայրէջք կատարել Վորոնեժում։

Ի դեպ, մեկ շաբաթ առաջ Վորոնեժից Հայաստան են ժամանել մի խումբ մեր հայրենակիցներ։ Մեր տեղեկությունների համաձայն, հիմա Երեւան-Վորոնեժ-Երեւան թռիչքներն արգելվել են։ 

կիսվել նյութով -