312 դիտում, 2020.06.06 13:06

COVID-19. Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Իտալիային. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Հնդկաստանը վարակվածների թվով շրջանցել է Իտալիային. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

 Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 861 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 398 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 361 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 965 հազար 912 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 111 հազար 394 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 646 հազար 006-ի, մահերինը՝ 35 հազար 047-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձել է երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 458 հազար 689 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում 8 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի հետևանքով մահացել է 5 հազար 725 մարդ:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 288 հազար 058 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 134: Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 283 հազար 311 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 40 հազար 261: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո: Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Հնդկաստանը, որը շրջանցել է Իտալիային՝ հայտնվելով 6-րդ տեղում:

Հնդկաստանում առկա է 236 հազար 954 հաստատված դեպք: Մահերի թիվը կազմում է 6 հազար 649: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իտալիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 531, մահերինը՝ 33 հազար 774: Իտալիային հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային: Պերուն առանձնանում է 187 հազար 400 ընդհանուր, 5 հազար 162 մահվան դեպքով:

Գերմանիայում առկա է 185 հազար 414  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 8 հազար 763 մարդ: Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 168 հազար 340-ի, մահացածներինը՝ 4 հազար 648-ի:

Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 167 հազար 156 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 134 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 3 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 030 է, որից ապաքինվել է 78 հազար 327-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 808-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

կիսվել նյութով -