394 դիտում, 2020.06.05 21:40

Պետք է համախմբվենք, սա պատերազմ է․ կորոնավիրուսից բուժված բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

Պետք է համախմբվենք, սա պատերազմ է․ կորոնավիրուսից բուժված բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

 Կորոնավիրուսից բուժված «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը մարդկանց հորդորում է արհամարանքով չվերաբերվել կորոնավիրուսին։ Պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում Դավիթ Պատրիկյանն ասաց, որ ինքը գտնվել է ռիսկային խմբում՝ 68 տարեկան է, ունեցել է հիպերտոնիկ հիվանդություն և շաքարային դիաբետ։

 «Այդ պայմաններում տարել եմ կորոնավիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, գտնվում էի շատ ծանր վիճակում։ Ես բուժվում էի գործընկերներիս մոտ ու նրանց աշխատանքի շնորհիվ՝ այսօր կանգնած եմ ձեր առաջ և խոսում եմ։ Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է, գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ»,- ասաց նա։

«Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչը քաղաքացիներին կոչ արեց հետևել բոլոր հակահամաճարակային կանոններին։

«Մենք պետք է համախմբվենք, սա պատերազմ է, ժողովուրդ։ Պատերազմում հրամանները չեն քննարկվում, դրանք կատարվում են։ Մենք ունենք կառավարություն, կառավարության որոշումներ, եկենք կատարենք այդ որոշումները»,- ասաց Պատրիկյանը։

կիսվել նյութով -