կարևոր
1851 դիտում, 3 տարի առաջ - 2020-06-05 20:32

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Հունիսի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ 

Վրաստանի արտգործնախարարն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատել աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը: 

Նախարար Մնացականյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի տարբեր գերատեսչությունների մակարդակով առկա սերտ համագործակցությունը, գործնական պարբերական շփումները և փոխադարձ աջակցությունը համավարակով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման հարցերում, այդ թվում՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների՝ միմյանց երկրի տարածքով հայրենիք վերադարձը կազմակերպելու գործում։  

ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Զալկալիանին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարևորել է երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և ռազմավարական փոխկապակցվածության հիման վրա գործնական համագործակցության ընդլայնումը և խորացումը բոլոր այն ուղղություններով, որոնք ևս մեկ անգամ ուրվագծվել էին երկու երկրների ղեկավարների կողմից ՀՀ վարչապետի՝ մարտ ամսին Վրաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատե է Վրաստանի ԱԳ նախարար Զալկալիանիին ուղղված իր հրավերը՝ այցելելու Հայաստան: 

Բազմակողմ համագործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում առաջիկայում կայանալիք միջոցառումներին:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զալկալիանին մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրների շուրջ՝ ընդգծելով համավարակի պայմաններում միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը: