կարևոր
1597 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-05 17:57

Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը ՀՀ սահմաններով չի ֆիքսվել. ԱԱԾ տնօրեն

Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը ՀՀ սահմաններով չի ֆիքսվել. ԱԱԾ տնօրեն

Հայաստանի Հանրապետության սահմաններով չի ֆիքսվել Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրային որդու՝ «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը: Այս մասին հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, անդրադառնալով իրավապահ մարմինների տեսադաշտից Խաչատրյանի անհետանալու մասին հարցին:

«Մենք նախկինում իր նկատմամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ չենք իրականացրել, մարդու տեղաշարժի իրավունքը չենք սահմանափակել: Մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»,- ասաց Մարտիրոսյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե Գուրգեն Խաչատրյանը գտնվում է Ռուսաստանում:

Մայիսի 4-ին Ազգային անտագության ծառայությունը «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի՝ Գուրգեն Խաչատրյանի նկատամամբ հետախուզում էր հայտարարել։

ԱԱԾ-ն նշել էր, որ միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու ուղղությամբ։ Ըստ ԱԱԾ-ի՝ Խաչատրյանի որդիներն ու ազգականը, նրա զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն։ Իսկ ինքը` Գագիկ Խաչատրյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, աջակցել է այդ կազմակերպություններին։ Օգտվելով պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ։

Խաչատրյանները, ըստ ԱԱԾ-ի, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պետությունից ավելի քան 1,5 միլիարդ դրամի չափով հափշտակություն են իրականացրել։ Գուրգեն Խաչատրյանն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ «երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»: