232 դիտում, 2020.06.05 16:19

ԱԻՆ-ը նախորդ տարվա բյուջեից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել

ԱԻՆ-ը նախորդ տարվա բյուջեից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2019 թ. իրեն հատկացված պետական բյուջեի միջոցներից կես միլիարդ դրամի խնայողություն է կատարել: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն 2019 թ. համար սկզբնական ծրագրով շուրջ 12,6 մլրդ դրամ էր: Այն տարվա ընթացքում ճշտվել է՝ կազմելով 15,1 մլրդ դրամ: Փաստացի 14,6 մլրդ դրամի օգտագործում է եղել կամ ճշտված ծրագրի 97%-ը: Եթե այդ մեծությունը համեմատելու լինենք սկզբնական ծրագրի հետ, ապա մենք կունենանք 100%-ը գերազանցող և 16,4% գերակատարում սկզբնական ծրագրի համեմատությամբ»,- ասել է նախարարը:

Ջանջուղազյանը նշել է, որ ԱԻՆ-ը նախորդ տարվա ընթացքում 7 միջոցառում է իրականացրել, որոնցից ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է փրկարար ծառայությունը:

«Փրկարար ծառայության համար ճշտված ծրագրով նախատեսվել էր շուրջ 11,1 մլրդ դրամ, փաստացի օգտագործումը կազմել է 10,7 մլրդ դրամ կամ 96,1%-ը»,- նշել է Ջանջուղազյանը:

Հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

կիսվել նյութով -