254 դիտում, 2020.06.05 15:13

Կորոնավիրուսի սկզբնական շրջանում եղել է ավանդների արտահոսք, սակայն դրանք քիչ-քիչ վերականգնվել են

Կորոնավիրուսի սկզբնական շրջանում եղել է ավանդների արտահոսք, սակայն դրանք քիչ-քիչ վերականգնվել են

Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի սկզբում նկատվել է ավանդների արտահոսք, սակայն հետո դրանք սկսել են քիչ-քիչ վերականգնվել։ Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ պատասխանելով  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«Ճգնաժամի պայմաններում որոշակի փոփոխություններ լինում են թե´ ավանդների, թե´ վարկերի կառուցվածքում: Սկզբից եղավ ավանդների արտահոսք՝ մանավանդ կորոնավիրուսի ակնհայտ արտահայտումից հետո, երբ պարզ էր, որ մենք ունենք նաև ֆինանսատնտեսական ճգնաժամ: Այն ճգնաժամի պայմաններում դա եղավ, ինչպես եղել է 2008-2009-ին, 2014-2015-ին: Ակնհայտ էր, որ հետո սկսեց քիչ-քիչ վերականգվել: Բայց մենք ամբողջությամբ հազիվ հասել ենք այն մակարդակին, որ ունեցել էինք մարտի սկզբին»,-ասել է Ջավադյանը:

Նա նշել է, որ կառավարության հետ ձեռնարկվող միջոցառումների շնորհիվ բավականին լուրջ ներդրումներ են կատարել բանկային համակարգի միջոցով: «Եվ այս պահին երեք միջոցառման միջոցով մոտ 71 մլրդ-ից ավելի վարկային միջոցներ են ներարկվել տնտեսության մեջ, դրանց մի մասը գյուղատնտեսությանը, մի մասը՝ փոքր ու միջին բիզնեսներին»,-ասել է Ջավադյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ աճել են թե´ գյուղատնտեսության, թե´ արդյունաբերության, շինարարության և թե´ սպառողական վարկերը: «Ավանդների և վարկերի կապն է բավականին հստակ: Ըստ էության, մենք ավանդների չափով ունենք տրամադրված վարկեր»,-ասել է նա նշելով, որ իր կարծիքով վարկավորման աճ լինելու է:

կիսվել նյութով -