216 դիտում, 2020.06.05 11:52

ԱՄՆ պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը

ԱՄՆ պաշտպանության նախարարը դեմ է ցույցերը ցրելու համար բանակային ուժերի կիրառմանը

ԱՄՆ խոշոր քաղաքներում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը: Այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չի աջակցում բանակի միջոցով հուզումները ճնշելու նախագահի հայտարարությանը:

«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին ԱՄՆ խոշոր քաղաքներում շարունակվել են զանգվածային բողոքի ցույցերը, որոնց տասնյակ հազարավոր մասնակիցներ խախտում էին պարետային ժամը: Անտեսելով նաև կորոնավիրուսի սպառնալիքը՝ նրանք իրենց բողոքն էին հնչեցնում ոստիկանության բռնությունների և ռասիզմի դեմ:

Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր գործի դնել մի օրենք, որը նրան թույլ կտա, առանց նահանգապետերի համաձայնության, օգտագործել գործող բանակային ուժերը՝ բողոքի ակցիաները դադարեցնելու համար:

Հակառակ նախագահի հայտարարությանը՝ պաշտպանության նախարար Մարկ Էսպերն ասել է, որ ակտիվ բանակային ուժերը պետք է օգտագործվեն միայն առավել հրատապ և ծանր իրավիճակներում:

«Մենք այժմ այդ իրավիճակում չենք գտնվում: Ես չեմ պաշտպանում «Ապստամբության մասին» օրենքի կիրառումը»,- ասել է Մարկ Էսպերը:

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Ֆլոյդը մահացել էր, քանի որ ոստիկանն ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած էր պահել նրա պարանոցը: ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Ջորջ Բուշ կրտսերը, Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման դատապարտել են տեղի ունեցածը, իսկ բողոքի ցույցերը թիրախավորել են ռասայական խտրականության խնդիրը:

Մինեսոտայի ոստիկանության սպա Դերեկ Շովինին ուղղված մեղադրանքը վերաձևակերպվել է երկրորդ աստիճանի սպանության մեղադրանքի, որը որակվում է որպես դիտավորյալ սպանություն առանց կանխամտածվածության: Նրան սպառնում է այժմ մինչև 40 տարվա ազատազրկում: Դեպքի վայրում գտնվող ոստիկանության արդեն նախկին երեք սպաներին ևս մեղադրանք է առաջադրվել սպանությանը օժանդակելու և դրան նպաստելու համար:

կիսվել նյութով -