236 դիտում, 2020.06.05 10:57

Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար. Փաշինյան

Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար. Փաշինյան

Բյուջետային առումով 2019 թվականը պատմական տարի էր Հայաստանի համար, կառավարությանը հաջողվել է ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել: Այս մասին տեսակապով միացմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«Ուզում եմ արձանագրել, որ 2019-ը բյուջետային առումով պատմական տարի էր ՀՀ-ի համար, քանի որ ՀՀ կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ գեներացնել: Ընդ որում, այդ գումարներից 62 մլրդ դրամը դարձան պետական բյուջեի եկամուտներ, իսկ մոտ 42  մլրդ դրամի չափով վերադարձվեց ավելացված արժեքի հարկի պարտքը՝ դեբետը, որը ձևավորվել էր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը: Սա կարծում եմ՝ պատմական իրադարձություն էր: 2019-ին արձանագրվել է առնվազն վերջին 12 տարվա համար աննախադեպ 7.6 տոկոս տնտեսական աճ, ունեցել ենք հարկեր-ՀՆԱ 22.35 տոկոս ցուցանիշ, որը 1.6 տոկոսային կետով գերազանցում է կանխատեսված և 1.4 տոկոսային կետով՝ 2018 թվականի համապատասխան ցուցանիշը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ այս կառավարությունը վայելում է պատմական տարիներում գործելու հնարավորությունը: 2018 թվականը պատմական էր՝ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ, Հայաստանի պատմության մեջ իր ժողովրդավարության մակարդակով աննախադեպ խորհրդարանական ընտրություններով: 2019-ը պատմական էր տնտեսական ակտիվության ցուցանիշներով և տնտեսության զարգացման գործում քաղաքացու և անհատի դերի մասնակցությամբ: 2020 թվականն առնվազն պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով: Փաշինյանը նշեց, որ այս տարի տնտեսական որոշակի խնդիրներ լինելու են:

Քանի որ բյուջեի կատարողականը քննարկվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, օգտվելով առիթից վարչապետը շնորհակալություն հայտնեց նրան՝ այս ընթացքում կատարված աշխատանքի համար: «Կարծում եմ, որ ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում և հույս ունենք, որ բովանդակային այն փոփոխությունները, որոնք սկսվել են Դավիթ Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»,-նշեց վարչապետը:

կիսվել նյութով -