480 դիտում, 2020.06.04 20:45

Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին. բժիշկը՝ քաղաքացիներին. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վերջին շրջանում ավելացել է ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը, որոնք վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը։ «Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ես թողել եմ իմ աշխատանքն ու ընտանիքը Երևանում ու տեղափոխվել Արտաշատ։ Այսօր կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և սա բոլորիս խնդիրն է։

Դրա բացատրությունը ես գտել եմ բոլորիս անզգուշության, անփութության և ըմբոստության  մեջ։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, և քոնը՝ ինձ։ Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեզ համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին։ Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները։ Այդ կանոնները պարետինը չեն, դրանք կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք, մենք ենք որոշում՝ վարակվել, թե՝ ոչ, վարակել մեր հարազատներին, թե չվարակել։ Որքան էլ ծանր, դժվար լինի, բուժաշխատողները ոչ մի քայլ հետ չեն գնալու, չեն նահանջելու հիվանդության առջև, այս պայքարում մենք միասին ենք հաղթելու»,-նշեց Մուսեյանը։

կիսվել նյութով -