390 դիտում, 2020.06.04 19:29

Հայ գիտնականների ստեղծած ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց

Հայ գիտնականների ստեղծած ախտահանող նյութը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց

ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնարար գիտելիքների հիման վրա ստեղծվել է նոր սերնդի նյութ` «Բիօքսիլ 2», որը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում տարածքների, մակերևույթների, իրերի ախտահանման համար:

Ինչպես հայտնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից, «Բիօքսիլ 2»-ը կոմպոզիտային, արդյունավետ, քլոր չպարունակող, ակտիվ թթվածնի հիման վրա ստեղծված ախտահանող-լվացող նյութ է: «Մաքուր ջրածնի պերօքսիդի 0,5 տոկոս կոնցենտրացիան վերացնում է կորոնավիրուսը: Մեր ստեղծած «Բիօքսիլ 2»-ում ջրածնի պերօքսիդի պարունակությունը 5 անգամ ավելի է՝ 2 տոկոս է: Այնտեղ կան նաև ջրածնի պերօքսիդի ակտիվարարներ,  որով ջրածնի պերօքսիդի ազդեցությունն ավելացնում են տասնյակ անգամներ: «Բիօքսիլ 2»-ն ակտիվ է մանրէների շատ տեսակների համար: Բացի այդ, այն չի գունավորում շրջապատը, բնապահպանական տեսակետից անվտանգ է և ոչ տոքսիկ, չի ազդում մարդու առողջության վրա, չի քայքայում իրերը, չունի հոտ»,- վստահեցրել է ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, «Բիօքսիլ 2»-ի ստեղծման և արտադրության աշխատանքների ղեկավար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը:

«Բիօքսիլ 2»-ն անցել է փորձարկումներ ՀՀ առողջապահության նախարարության «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ում և «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, ինչպես նաև տարբեր տեսակի սնունդ արտադրող ձեռնարկություններում: Բոլոր փորձարկումների արդյունքում հաստատվել է «Բիօքսիլ 2»-ի բարձր արդյունավետությունը, ՀՀ «Ստանդարտների ազգային ինստիտուտում» հաստատվել են տեխնիկական պայմանները:

«Բիօքսիլ 2»-ի արտադրությունը կազմակերպվում է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տարածքում հիմնված արտադրամասում, որի հզորությունն օրական 2 տոննա է: Ներկայումս «Բիօքսիլ 2»-ի արտադրության հիմնական պատվիրատուն ՀՀ ԳԱԱ նախագահությունն է, որը ձեռք է բերել այս ախտահանիչ նյութը ՀՀ ԳԱԱ համակարգի կառույցների ախտահանման համար: ՀՀ ԳԱԱ նախագահության շենքը և ՀՀ ԳԱԱ բոլոր գիտահետազոտական կազմակերպությունները շաբաթը երկու անգամ ախտահանվում են «Բիօքսիլ 2» ախտահանող-լվացող նյութով:  Որպես նվիրատվություն 1 տոննա «Բիօքսիլ 2» Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը տրամադրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ նպատակային օգտագործման համար:

կիսվել նյութով -