332 դիտում, 2020.06.04 18:48

Գրավոր դիմել եմ նախարարին և խնդրել եմ, որ ինձ հասկանա՝ իմ սխալը եղել է թյուրիմացաբար. 114 դպրոցի տնօրենը՝ վարչապետի էջում հրապարակված տեսանյութի մասին

Գրավոր դիմել եմ նախարարին և խնդրել եմ, որ ինձ հասկանա՝ իմ սխալը եղել է թյուրիմացաբար. 114 դպրոցի տնօրենը՝ վարչապետի էջում հրապարակված տեսանյութի մասին

Վերջին զանգի միջոցառում ընդհանրապես տեղի չի ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է 114 դպրոցի տնօրեն Ռուզան Կոստանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութին և գրառմանը, ըստ որի «Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել Երևանի 114 դպրոցի շրջանավարտները։ Հ.Գ. Պարող կինը, պարզվում է, դպրոցի տնօրենն է»:

Դպրոցի տնօրենը հայտնեց, որ դպրոցն ավարտել է 126 աշակերտ և դա այդ դասարանի ինքնաբուխ որոշումն է եղել, նախապես պայմանավորվածություն չի եղել, եթե պայմանավորված լինեին մյուսների համար էլ կարվեր:

Դպրոցի տնօրենը նշեց, որ նախապես հրահանգվել էր դասղեկներին 6-6 աշակերտ կանչեին, երկուական աշակերտ ստանա իր ավարտական վկայականը, ինչպես և արվել է՝ բոլոր կանոնները պահպանվել են: «Իրենք ներս մտան հեռախոսով միացրած երաժշտությամբ, մինչ այդ նրանց ջերմաչափել էին: Դա տևել է մեկից երկու րոպե, տղաներից մեկը մոտեցավ ինձ՝ բերեց ինձ մեջտեղ և այդ մեկ րոպեանոց պարն է եղել: Ես օրինազանց չեմ, երբեք չեմ եղել, այդ պահին պարզապես երեխաների խաթրով գնացի»,-ասաց նա և նշեց, որ հետո խնդրել է երեխաներին դուրս գալ, ապա երկու-երկու մոտեցել և ստացել են վկայականները:

«Այդ ամբողջ արարողությունը՝ մտնելով, դուրս գալով, վկայականները ստանալով, ամբողջը տևել է 15 րոպե»,-ասաց նա: Ինչ վերաբերում է թե դա ինչ հետևանքներ կունենա իր համար, դպրոցի տնօրենն ասաց. «Ես առայժմ չգիտեմ, թե ինչ հետևանքներ կունենա, ես գրավոր դիմել եմ նախարարին, խնդրել եմ, որ ինձ հասկանա և իմ կողմից թյուրիմացաբար սխալ է թույլ տրվել: Ես բացատրել եմ նախարարին, սակայն պատասխան դեռ չեմ ստացել, նույնիսկ չգիտեմ, կարդացել է նամակս, թե ոչ»:

կիսվել նյութով -