338 դիտում, 2020.06.04 16:47

ՀԾԿՀ-ն առաջարկում է անապահով ընտանիքներին շարունակել դիտարկել գազի համար առանձին սպառողական խումբ

ՀԾԿՀ-ն առաջարկում է անապահով ընտանիքներին շարունակել դիտարկել գազի համար առանձին սպառողական խումբ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի պատասխան «Գազպրոմ Արմենիա»-ի՝ բնական գազի սակագները վերանայելու հայտի, առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը, մասնավորապես շարունակել սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խումբ դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Սակագնի վերանայման հայտերի վերաբերյալ աշխատանքային կարգով քննարկմանն այս մասին ասել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը:

«Եթե «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հայտով առաջարկել էր բոլոր սպառողների համար կիրառել միասնական մեկ սակագին՝ առանց խմբերի միջև տարբերակման, ապա հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է պահպանել գործող հիմնական սպառողական խմբերը՝ այդ թվում հաշվի առնելով կառավարության համապատասխան որոշումներով ներկայացված առաջարկությունները, շարունակել գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, վերամշակող կազմակերպություններին և սոցիալապես անապահով ընտանիքներին որպես առանձին սպառողական խմբեր դիտարկելը՝ հնարավոր նվազ սակագների սահմանմամբ: Արդյունքում հանձնաժողովի աշխատակազմն առաջարկում է բնակչությանը, բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների, տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար վաճառվող բնական գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող տարեկան մինչև 600 խմ բնական գազի սպառման համար սակագինն առաջարկվում է նույնպես թողնել անփոփոխ՝ 100 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար»,-ասել է Ուլիխանյանը:

Սա այն դեպքում, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։ 

Հանձնաժողովն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակահատվածի համար և վերամշակող ՝ այսինքն պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի սակագինը 1000 խմ-ի համար սահմանել 224 դոլարին համարժեք դրամ: Իսկ մնացած սպառողներին, այդ թվում ջերմային էլեկտրակայաններին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խմ-ի շրջանակում սպառվող բնական գազի համար սահմանել 139 հազար դրամ՝ 1000 խմ-ի համար: Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող գազի համար սահմանել  յուրաքանչյուր հազար խմ-ի համար՝  255.92 դոլարին համարժեք դրամ սակագին:

Անդրադառնալով սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագնի կառուցվածքին՝ Ուլիխանյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և հանձնաժողովի աշխատակազի հաշվարկների միջև տարբերությունը հիմնականում պայմանավորված  է շահագործման ու պահպանման ծախսերի, մաշվածության և շահույթի մեծությամբ, որը ընկերության կողմից առաջարկվել է 61.23 դոլար՝ հազար խմ-ի համար, իսկ հանձնաժողովի աշխատակազմը հաշվարկել է 47.89 դոլար: Այսպիսով հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների համաձայն՝ սպառողներին վաճառվող բնական գազի վաճառքի միջին կշռութային սակագինը կազմում է 266. 71 դոլար՝ ներառյալ ԱԱՀ-ն: 

կիսվել նյութով -