280 դիտում, 2020.06.04 15:07

Ալեն Սիմոնյանը դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտություն է տեսնում

Ալեն Սիմոնյանը դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դատական համակարգում առկա խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Սիմոնյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից վերացնելու մասին հարցին:

«Իմ գնահատմամբ, սա վառ ապացույցն է այն փաստի, որ ՀՀ-ում դատական համակարգում առկա խնդիրը օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի»,- ասաց Սիմոնյանը:

Հունիսի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։

Ավելի վաղ, մայիսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

կիսվել նյութով -