554 դիտում, 2020.06.04 16:32

Կառավարությունն ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկային միջոցներ է ներգրավում

Կառավարությունն ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկային միջոցներ է ներգրավում

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավման մասին» նամակ-համաձայնագրին:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ խոսքն ԱՄՀ-ից նոր վարկային միջոցներ ներգրավելու մասին է:

«Անցյալ տարեվերջին բոլոր կանխատեսումներով ավելի քան 170 երկրներում ենթադրվում էր աճ, մինչդեռ ապրիլին վերանայված կանխատեսումների համաձայն գնահատվում է, որ այդ երկրներում կլինի անկում, համաշխարհային տնտեսության մոտ 3,5 տոկոս անկման ցուցանիշ է կանխատեսվել: Հետևաբար այս իրավիճակը չի կարող իր ազդեցությունը չունենալ նաև մեր բյուջեի ցուցանիշների վրա: Ենթադրվում է, որ անկումը կհանգեցնի հարկային եկամուտների նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի դեֆիցիտի մեծացման՝ ծախսերի նույն մակարդակը պահպանելու դեպքում: Դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ է փոխառու միջոցների ներգրավում, հետևաբար դա ավտոմատ կհանգեցնի պարտքի աճի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ ավելացնելով, որ այս ամբողջ ընթացքում կառավարությունը միայնակ չի եղել խնդիրների հետ։ «Մեզ ուղեկցել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ներդրումային հանրույթը և պատրաստակամություն ունեն անհրաժեշտության դեպքում նաև փոխառու միջոցներ տրամադրել:

Կոնկրետ այս նախագծով մենք շարունակում ենք երկարատև համագործակցությունը ԱՄՀ-ի հետ: 2019-ին մենք ԱՄՀ-ի հետ ծրագիր ենք հավանության արժանացրել, որը գնահատվում է որպես կանխարգելիչ և ենթադրվում էր, որ միայն արտաքին ցնցումների դեպքում կօգտվենք ԱՄՀ-ի կողմից մեզ տրամադրվելիք վարկի հնարավորությունից: Մինչդեռ համավարակը հաշվի առնելով մենք մարտի վերջին, ապրիլի սկզբին հեռավար կարգով ավարտեցինք բանակցությունների հերթական փուլը, վերանայվեց ծրագիրը: Դրա շրջանակում համաձայնություն ձեռք բերվեց, որ ավելի մեծ չափով կարող են այդ միջոցները հասանելի լինել: Մոտավորապես 315 մլն դոլարին համարժեք, որից 280 մլն դոլարի չափով արդեն իսկ հասանելի են: Դա կօգտագործվի ոչ թե վճարային հաշվեկշռի, այլ կօգտագործվի բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար, այսինքն որպես բյուջետային աջակցության վարկ»,-ասաց նախարարը:

Համաձայնագրի արդյունքում ներկա պահին Հայաստանի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, եւ եւս 25․714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։