334 դիտում, 2020.06.04 15:19

Խուճապը չի կարող որևէ օգուտ տալ գործին. Միրզոյանը հորդորում է պահպանել սթափ դատողությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

 ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հորդորում է կորոնավիրուսի վարակի տարածման իրավիճակում խուճապի չմատնվել և պահպանել սթափ դատողությունը: Այս մասին Միրզոյանն ասաց Ազգային ժողովում իր արտահերթ ելույթի ընթացքում:

«Մենք ունենք իրավիճակ, որը բնութագրվում է տարբեր բառերով, այդ թվում՝ ծանր, շատ ծանր, պատերազմական, և ես կարծում եմ, որ այս պահին առավել, քան երբևէ մեզ պետք են հանգստություն և սթափ դատողություն, իրավիճակի սթափ գնահատական, հաշվարկված, հանգիստ, կառավարելի քայլեր: Երբևէ չի կարող գործին որևէ օգուտ տալ խուճապը»,- ասաց Միրզոյանը:

Խորհրդարանի խոսնակը նշեց, որ որքան վնասակար է անլրջությունն ու ավելի թույլ գնահատումը, ավելի վնասակար կլինի գույների անհարկի խտացումը:

Հայաստանում հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 697-ով և ընդհանուր թիվը 11 221 է, արձանագրվել է մահվան 176 դեպք: Ընդհանուր առմամբ իրականացվել է 63 459 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 3468 պացիենտ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ:

կիսվել նյութով -