288 դիտում, 2020.06.04 13:02

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ:

ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը չընդունեց՝ ստանալով 27 «կողմ» 82 «դեմ» ձայներ:

Նախագծով, ըստ էության, առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները:

Զեյնալյանն առաջարկեց նախագիծը տեղափոխել առաջարկությունների ստացման փուլ: Այս առաջարկը քվեարկությամբ ստացավ 85 «կողմ» և 2 «ձեռնպահ» ձայներ: Այսպիսով նախագիծն ուղարկվեց գրավոր առաջարկությունների ստացման փուլ:

Ավելի վաղ Զեյնալյանը նշել էր, որ առաջարկությունների ստացման փուլ ուղարկելու որոշումը որոշակի կանխատեսումներ անելու համար է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտնել էր, որ բովանդակային իմաստով նախագիծի հիմնավորումները կառավարության համար ընդունելի են, սակայն առկա են խնդիրներ, հարցեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման: Մասնավորապես նախագծի կապակցությամբ առկա է ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ:

կիսվել նյութով -