կարևոր
1756 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-04 12:45

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կքվեարկի մեկուսացման նպաստ սահմանող օրենքի նախագծին

«Բարգավաճ Հայաստան»-ը կողմ կքվեարկի մեկուսացման նպաստ սահմանող օրենքի նախագծին

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, չնայած մեկուսացման նպաստ սահմանող նախագծի հեղինակի` դեմ քվեարկելու հորդորին, կողմ կքվեարկի օրինագծին:

ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ բերվել է  շատ լավ նախագիծ, որը իսկապես որոշակիորեն կլուծի այն ծանրաբեռվածությունը, այն սոցիալական լարվածությունը, որը կա, մարդիկ իրենց կամքով չեն ինքնամեկուսացվել կամ մեկուսացվել:

«Մենք կողմ ենք նախագծին, վերջապես այդ մարդիկ ստացան դրական ազդակ, որ իրենք մենակ չեն, պետությունն իրենց մասին հոգ է տանում: Այս ամբիոնից կառավարության ներկայացուցիչներն ասել են, որ փողի խնդիր չկա: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու կառավարության հետ այս հարցը մինչև այստեղ գալը չեք քննարկել, չեք եկել համաձայնության»,-ասաց Զոհրաբյանն ու նշեց՝ հասկանում է, որ ոչ մեկը չի կարող ասել, թե հաջորդ օրը մեկուսացվածների և ինքնամեկուսացվածների ինչ թվեր կլինեն:

Զոհրաբյանն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին: «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ է քվեարկելու:

Նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հորդորել էր նախագծին երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկել, ուղարկել առաջարկությունների ստացման փուլ՝ որոշակի կանխատեսումներ անելու, հիմնավորումները հստակեցնելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը հայտնել էր,  որ բովանդակային իմաստով նախագիծի հիմնավորումները կառավարության համար ընդունելի են, սակայն առկա են խնդիրներ, հարցեր, որոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման: Մասնավորապես, նախագծի կապակցությամբ առկա է ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ:

Նախագծով, ըստ էության, առաջարկվում է մեկուսացման նպաստ նախատեսել այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել, և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները: