Պարետի նոր որոշմամբ սահմանվել է հոգեհանգստի և հուղարկավորության անվտանգության կանոններ.
1. Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ժամանակ ապահովվում է ոստիկանությունից և մարզպետարանից/տեղական ինքնակառավարման մարմնից մեկական ներկայացուցչի ներկայությունն արարողությանը։
2. Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանը և մարզպետարանները ճշտում են արարողության վայրն ու ժամը և առնվազն մեկ օր առաջ այդ մասին տեղեկացնում Ոստիկանությանը։
3. Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության ժամանակ ոստիկանության, մարզպետարանի/տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները սգո ծառայություններ մատուցող կազմակերպության աշխատակիցների կամ եկեղեցու սպասավորների հետ համագործակցությամբ ապահովում են մարդկանց կուտակումները բացառող միջոցառումների իրականացումը։
Մասնավորապես՝
1) Արգելվում է արարողության անցկացման սրահում միաժամանակ 10 հոգուց ավել անձանց ներկայությունը, ապահովվում է ներկաների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն.
2) Աթոռները տեղակայվում են միմյանցից 1.5 մետր հեռավորության վրա․
3) Արգելվում է արարողության սրահից կամ եկեղեցուց դուրս բակային հատվածում տվյալ արարողությանը մասնակից 20 հոգուց ավել անձանց ներկայությունը, այդ թվում՝ միմյանցից առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ.
4) Արարողության բոլոր մասնակիցները կրում են դիմակներ։
5) Բացառվում են անձանց միջև սերտ շփումները, գրկախառնությունները։
6) Արգելվում է համբուրել, դիպչել մահացածի մարմնին:
7) Ոստիկանության ներկայացուցիչն իրավունք ունի արգելելու կորոնավիրուսին բնորոշ առերևույթ ախտանշաններով (հազ, հարբուխ, դժվարաշնչություն) անձանց մասնակցությունը արարողությանը։
4. Հոգեհանգստի արարողությունը սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ եկեղեցիներում իրականացնելու դեպքում ծառայություն մատուցողի կողմից նշանակվում է պատասխանատու:
5. Պատասխանատուն ապահովում է՝
ա. սգո ծառայություններ մատուցող կազմակերպության կամ եկեղեցու ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:
բ. ախտահանումների և աշխատողների առողջական վիճակի մասին գրանցումների վարումը՝ համաձայն սույն որոշման Հավելված 19-ի:
գ. անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատողներին պատշաճ իրազեկումը:
6. Ապահովվում են հոգեհանգստի/հուղարկավորության արարողության համար նախատեսված վայրի ընդհանուր մուտքի, սանհանգույցի, առանձին սենքերի մոտ ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:
7. Ապահովվում է հոգեհանգստի/հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով, ընդ որում՝ այնպես, որ բացառվեն մասնակիցների կուտակումները: Արգելվում է թաղումից հետո լվացվելիս ընդհանուր սրբիչով ձեռքերը չորացնելը:
8. Ապահովվում է հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի բնական օդափոխությունը՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ:
9. 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները, սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի հիմքով կամ առնվազն 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
10. Արգելվում է կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) մասնակիցների մասնակցությունը հոգեհանգստի/ հուղարկավորության արարողությանը:
11. Հոգեհացի կազմակերպման ընթացքում առաջնորդվում են հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման սանիտարահամաճարակաբանական կանոններով՝ համաձայն սույն որոշման հավելված N 7-ի:
12. Հոգեհանգստի համար նախատեսված վայրից մասնակիցների գերեզմանատուն, այնուհետև հոգեհացի սրահ տեղափոխման ընթացքում պահպանվում են սույն որոշման հավելված N 14-ով սահմանված կանոնները: