ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Oրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Աննա Կարապետյանը:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:
Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունման համար բավարար ժամկետի սահմանումը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 105 «կողմ» ձայնով: