ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրությունը խորհրդարանի հունիսի 3-ի նիստում վավերացվեց միաձայն՝ 105 «կողմ» ձայնով:
Արձանագրության նպատակն է խորացնել համագործակցությունը թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության գործում, ինչպես նաև սահմանել քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրանյութերի և զենքի փոխանցման կարգ:
Արձանագրության շրջանակներում կողմերը` Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը համագործակցում են իրեղեն ապացույցների փոխանցման հարցերում, որն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների հարցումների հիման վրա: Կողմերի իրավասու մարմիններն ուղարկում, ստանում են հարցումներ, կազմակերպում են դրանց օպերատիվ և պատշաճ կատարումը: Իրավասու մարմինների ցակը սահմանում է յուրաքանչյուր Կողմը: Հարցման կատարումը կարող է ամբողջությամբ կամ մասամբ մերժվել, եթե հարցում ստացող Կողմը ենթադրում է, որ դրա կատարումը կարող է վնաս հասցնել իր պետական շահերին կամ հակասում է իր ազգային օրենսդրությանը:
«Քրեական գործերով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց բաղադրիչների, հրազենի, դրա հիմնական մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի փոխանցման կարգի մասին» արձանագրությունը ստորագրվել է 2017թ.: