01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այս շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության դպրոցի դեկան Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղիներին ու հնարավորություններին։
Հանդիպումների մասնակիցները նախագահին են ներկայացրել իրենց մասնագիտական կարծիքներն ու տեսակետները»։