կարևոր
1626 դիտում, 2 տարի առաջ - 2020-06-03 11:26

Գիտական աստիճանով իրավաբանների համար դատավոր դառնալը հեշտացնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Գիտական աստիճանով իրավաբանների համար դատավոր դառնալը հեշտացնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն հեղինակել է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրավաբանական գիտությունների բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին ութ տարում առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձն իրավունք ունի դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացնելու Բարձրագույն դատական խորհուրդ: Առնվազն հինգ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած լինելու պահանջը սահմանափակում է այն անձանց շրջանակը, որոնք այս պահին բարձրագույն ուսումնական հաստատություններում չեն դասավանդում, բայց դրա փոխարեն մասնագիտական, ետբուհական կրթական հաստատություններում են աշխատում, օրինակ՝ Արդարադատության ակադեմիայում»,- ասաց Բաբաջանյանը:

Արման Բաբաջանյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է այս մարդկանց ևս դատավորների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն ընձեռել:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 109 «կողմ» ձայնով: