268 դիտում, 2020.06.03 11:20

Վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն կստեղծվի

Վկային և տուժողին տեսակապի միջոցով հարցաքննելու հնարավորություն կստեղծվի

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հնարավորություն տալ հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին: 

Նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Արյուսակ Ջուլհակյանը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծի նպատակն է իրավունք վերապահել վարույթ իրականացնող մարմնին հեռավար կարգով՝ տեսակապի միջոցով հարցաքննել քրեական գործով վկաներին և տուժողներին՝ նույն նախագծով սահմանված դեպքերում: Այդ այն դեպքերն են, երբ վկան կամ տուժողը առողջական վիճակի կամ տարիքի պատճառով չի կարող ներկայանալ քրեական վարույթ իրականացնող մարմին, անհրաժեշտ է ապահովել վկայի կամ տուժողի անվտանգությունը, հարցաքննության կատարումն անհնար է կամ անհրաժեշտ է ապահովել նախաքննության արդյունավետությունը:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 113 «կողմ» ձայնով:

կիսվել նյութով -