370 դիտում, 2020.06.02 20:29

Մայիսին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի համեմատ աճել է 13 անգամ

Մայիսին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի համեմատ աճել է 13 անգամ

Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտ ամսում արձանագրված թվի համեմատ աճել է 13 անգամ: Այս մասին հունիսի 2-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

«Եթե համեմատում ենք ապրիլ ամսվա ընթացքում արձանագրված դեպքերի թիվը մարտ ամսվա դեպքերի թվի հետ, ապա տեսնում ենք, որ թվերը աճել են 3 անգամ, իսկ, եթե մայիս ամսվա թվերը՝ 13 անգամ»,- ասաց Վանյանը:

Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 59 917 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 158 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

կիսվել նյութով -