264 դիտում, 2020.06.02 19:22

Մեր հիմնական խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանումն է. Նիկոլ Փաշինյան

Մեր հիմնական խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանումն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների պահպանումը կբերի վարակվածության դեպքերի թվի անկման, նվազման ու զրոյացման: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է ահագնանալ: Մեր հիմնական խնդիրը հակահամաճարակային կանոնների պահպանումն է և այդ կանոնների պահպանման որակը: Մենք ունենք համոզվածություն, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսի դեպքերի թվի անկման, նվազման ու զրոյացման»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պարետատան նիստի ընթացքում հանձնարարել է առավել խստորեն հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը:

Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից:

Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  59 917 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 158 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

կիսվել նյութով -