408 դիտում, 2020.06.02 15:46

Սեւանի «ծաղկումը» սկսում է. Իրինա Ղափլանյան

Սեւանի «ծաղկումը» սկսում է. Իրինա Ղափլանյան

 Սևանի ջրի կանաչելուց այս տարի ևս խուսափել չի լինի: Այս մասին՝ հրավիրված ասուլիսում  հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշելով, որ դեռ նախորդ տարի մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում եկել են  այն եզրահանգման, որ կանաչելը լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ Սևանի էկոհամակարգի վրա բացասական ներգործությունը եղել է տասնամյակների ընթացքում: Այս տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սևանում արդեն արձանագրվել է ֆոսֆորի որոշակի քանակության սպառում, ինչը վկայում է, որ կանաչելու գործընթացը սկսվել է:

«Սևանի կանաչումը կամ ծաղկումը, ինչպես բնակիչների շրջանում է ընդունված ասել, դեռ 60-ական թվականներից էր տեղի ունենում, երբ խախտվել էր Սևանի էկոհամակարգի հավասարակշռությունը: Այդ առումով այս խնդրին մասնագետները բախվել են դեռ տարիներ առաջ, սակայն կան որոշակի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են ունենում Սևանի էկոհամակարգի վրա»,-ասաց նա: Իրինա Ղափլանյանի խոսքով՝ գլխավոր խնդիրներից է լճի մակարդակի իջեցումը, դրան զուգահեռ, տարիների ընթացքում եղել է կենցաղային և այլ կեղտաջրերի ներհոսք: Հաջորդ խնդիրը կլիմայի գլոբալ տաքացումն է. Հայաստանի տարածքում արդեն արձանագրվել է ջերմաստիճանի տաքացում:

Հաշվի առնելով խնդիրները՝ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է ծավալուն փաստաթուղթ: Առաջարկվում է իրականացնել երեք առաջնահերթ միջոցառում: Այն է, առնվազն մեկ խոշոր ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանի ստեղծում, գետերի հուների մաքրում:

«Սևանի կենսապաշարը՝ ձուկը, վերարտադրման խնդիր ունի այն պատճառով, որ մեր ձկնուղիները փաստացի փակ են, գետերի հուները շատ աղտոտված են: Այդ իսկ պատճառով գետերի հուների մաքրումը շատ կարևոր է»,-ասաց Իրինա Ղափալնյանը: Հաջորդ առաջնահերթ միջոցառումը Սոթքի լքված հանքավայրի ռեկուլտիվացումն է: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախորդ տարի նմուշառում էր կատարվել տվյալ հատվածում, պարզվել էր, որ այդ տարածքում բավական լուրջ աղտոտում էր գրանցվել: Հիմա քննարկումներ են անցկացնում միջազգային կազմակերպությունների հետ: Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին արդեն այս երեք ուղղություններով աշխատանքները կմեկնարկեն:

Կթույլատրվի այս տարի Սևանում լողալը, թե ոչ, Իրինա Ղափլանյանը նշեց, որ դա կախված կլինի կանաչելու գործընթացի ծավալներից, իսկ այս պահին ծավալների մասին հստակ տեղեկություններ դեռ չեն կարող ասել:

«Այստեղ կարևոր է արձանագրել այն, որ կան տարբեր տեսակի ցիանոբակտերիաներ, այն տեսակը, որը ծաղկել էր Սևանում, չունի տոքսիկության այն աստիճանը, ինչ այլ ջրավազաններում: Ամեն դեպքում դա վտանագավոր է լճի էկոհամակարգի համար: Եթե չնվազեցնենք օրգանական նյութերի ներհոսքը, համապատասխան քայլեր չձեռնարկենք, ապա կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Ինչ վերաբերում է լողալու թույլտվությանը, ապա ծաղկման մասշտաբները տեսնելով, լիազոր մարմինները համապատասխան որոշումներ կկայացնեն»,-ասաց Իրինա Ղափլանյանը՝ տեղեկացնելով, որ ցուցումները կարող են լինել ըստ տարածքների՝ կախված ծաղկման ծավալներից:

Նախարարի տեղակալը նկատեց, որ կապտականաչ ջրիմուռների ծաղկումը տեղի է ունենում աշխարհի բոլոր կետերում, կան քաղցրահամ ջրավազաններ, որոնք նման խնդրի առաջ են կանգնում: Սա գլոբալ միտում է, և այդ առումով Սևանը եզակի չէ:

կիսվել նյութով -